Քաղաքական մանիպուլյացիայի տեխնոլոգիաները մարդկության պատմության պես հին են: Փոխվում են ժամանակները, փոխվում են մանիպուլյացիայի ձևերը, սակայն չեն փոխվում բովանդակությունը և նպատակը:
Քաղաքական մանիպուլյացիայի նպատակը ստիպելն է մյուսներին կատարել այն, ինչ ձեռնտու է քաղաքական սուբյեկտին, բայց այնպես ստիպել, որ քաղաքական օբյեկտին թվա, թե որոշում կայացնողն ինքն է («ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կանենք»):
Քաղաքական մանիպուլյացիայի գործիքները բազմազան են՝ անմիջական խոսքից մինչև լրատվական միջոցների կիրառում:
Քաղաքական տեսաբանների համընդհանուր կարծիքով՝ ամենահեշտ մանիպուլացվող օբյեկտն ամբոխն է, քանզի այն «ես» չունի և առաջնորդվում է «մենք»-ով: Այն անորոշ դեմք ունի, անպատասխանատու է և ենթակա է անխնա օգտագործման:
Առանձին անհատի շատ ավելի դժվար է օգտագործելը կամ մանիպուլացնելը, քանզի անձ-անձ երկխոսության ժամանակ երկուսի մոտ էլ գիտակցությունն է աշխատում և համոզելու համար ռացիոնալ փաստարկների կարիք ավելի շատ կա մանիպուլյացիա անողի մոտ: Այլ է պատկերը ամբոխի պարագայում, քանի որ գիտակցությունն իր տեղը զիջում է ենթագիտակցությանը: Ամբոխը առաջնորդվում է ոչ թե բանականությամբ, այլ հույզերով: Ամբոխն ինքն է պահանջում մանիպուլյատոր, քանզի առանց առաջնորդի չի պատկերացնում իր անելիքը:
Ամբոխի մեջ ակադեմիկոսն ու չոբանը հավասարվում են և գրեթե հավասարապես ընկնում մանիպուլյացիայի ազդեցության տակ:
Մանիպուլյատորը գիտի, որ ամբոխը սիրտը գերադասում է ուղեղից:
Ամբոխի աչքերն ու ականջները այլ բաներ են տեսնում և լսում: Ամբոխին պետք են պարզունակ կարգախոսներ, մեկ քայլանոց կոմբինացիաներ, աշխարհի սև-սպիտակային բաժանումներ, գործողության հրահանգ և ատելության թիրախ: Առանց ատելության թիրախի քաղաքական մանիպուլյատորը չի կարող հասնել իր նպատակին, քանզի ատելությունն ամբոխի շարժիչ ուժն է: Եթե չկա այդ թիրախը կամ այն աստիճանի վտանգ չի ներկայացնում, ապա միևնույն է պետք է թիրախը հորինել կամ թիրախի վտանգավորության աստիճանը ուռճացնել:
Ամբոխը արյուն է պահանջում և նրան անընդհատ թռչող գլուխներ են պետք: Ամբոխի սերը էպիզոդիկ է ու վտանգավոր: Որքան շատ է սիրում ամբոխը մանիպուլյատորին, այնքան դաժան ձևով է տապալելու նրան ու նոր կուռք փնտրի:
Ամբոխն անշնորհակալ է, դավաճան և մոռացկոտ. մանիպուլյատորը պետք է շատ լավ իմանա այդ մասին:
Ամբոխն ունի բացառապես ավերիչ բնույթ: Ստեղծարար բաղադրիչը բացակայում է նրա մոտ: Ամբոխը կառուցողական է դառնում, երբ ատոմիզացվում է և կրկին հավաքվում որպես հասարակություն:
Քաղաքական մանիպուլյացիաները առավել կիրառելի են դառնում լարված իրավիճակներում քաղաքական կատակլիզմների փուլում: Մանիպուլացվող օբյեկտին ներշնչում են, որ եթե ինքը «այսպես» չանի, ապա «այնպիսի» վատ արդյունք կլինի, ուստի պետք է «այսպես» անել:
Մանիպուլյացիայի ժամանակ խզում է առաջանում պատճառահետևանքային կապի միջև: Ներկայացվող բացատրությունները ճշմարտանման են, բայց ոչ ավելին: Մանիպուլյացիան հնարավորություն է տալիս «1+1»-ի արդյունք ներկայացնել 3-ը, 5-ը կամ զրոն. նայած, թե ինչ է պետք մանիպուլյատորին:
Մանիպուլացվող օբյեկտը շատ է սիրում լսել հրահանգներ իրեն որպես զոհ կամ հերոս ներկայացնող մանիպուլյատորից («Ինքը մի բան գիտի …»): Երգերը, բանաստեղծությունները, լուսաձայնային էֆեկտները գալիս են լրացնելու «հեքիաթային» պատմությանը և «կինոյի մեջի տղա» սարքելու մանիպուլյատորին:
Որքան շատ է հանրությունը ենթարկվում քաղաքական մանիպուլյացիային, այնքան զարգացման ցածր մակարդակի վրա է գտնվում:
Քաղաքական մանիպուլյացիաներից խուսափելու փորձված ճանապարհը քաղաքական ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության կայացումն է: Նման դեպքերում էլ են լինում մանիպուլյացիաներ, բայց դրանց ազդեցությունը զգալիորեն նվազում է: Մարդկանց հիմարի տեղ դնելն ու օգտագործելը տվյալ դեպքում համեմատաբար դժվարանում է:
Ամեն դեպքում հանրության ամբոխացման փոխարեն նախընտրելին հանրության քաղաքացիականացումն է: Դա փորձված բան է և հեծանիվ պետք չէ հորինել:
Հոգեբանական մանիպուլյացիա, սոցիալական, հոգեբանական ներգործություն, սոցիալ-հոգեբանական ֆենոմեն[2], ձգտում փոխել այլ մարդկանց ընկալումը կամ վարքագիծը թաքնված, կեղծ կամ բռնի գործելակերպով[3][4]։ Որպես կանոն՝ այդ մեթոդները հիմնվում են մանիպուլյատորի հետաքրքրությունների վրա, ուստի կարող են համարվել շահագործող, անարդար և էթիկայի նորմերից դուրս։ Հոգեբանական գրականության մեջ մանիպուլյացիա տերմինը ունի երեք նշանակություն։ Առաջինն ամբողջությամբ փոխառված է տեխնիկայից և հիմնականում կիրառվում է ինժեներական հոգեբանության և աշխատանքային հոգեբանության մեջ։ Երկրորդ իմաստը փոխառված է բարոյագիտությունից (էթոլոգիա). այստեղ մանիպուլյացիայի տակ հասկանում ենք «կենդանիների կողմից շրջակա միջավայրի բաղադրիչների ակտիվ տեղաշարժը, առավելապես դիմացի, ավելի հազվադեպ՝ հետին վերջույթների մասնակցությամբ, ինչպես նաև այլ ազդակների»։ Այս երկու իմաստներով «մանիպուլյացիա» տերմինը կարելի է հանդիպել հոգեբանական գրականության մեջ, սկսած 20-ական թվականներից։ Իսկ 60-ական թվականներից այն սկսեց կիրառվել նաև երրորդ իմաստով, այս անգամ փոխառված քաղաքագիտական աշխատանքներից։